Customer support

messenger_opener

Մոնտեսսորի մեթոդաբանությունը

Մոնտեսսորի մեթոդաբանությունը կրթական համակարգ է, որն մշակվել է իտալացի բժիշկ և հոգեբան Մարիա Մոնտեսորիի կողմից քսաներորդ դարի սկզբին։ Այն ներառում է այնպիսի միջավայրի ստեղծում, որտեղ երեխան ինքնուրույն զարգացնում է տարբեր հմտություններ, ցուցադրում է իր կարողությունները և ձեռք է բերում անհրաժեշտ գիտելիքներ սեփական փորձի միջոցով:

Պատրաստված միջավայր

Մոնտեսսորիի մեթոդի հիմնարար սկզբունքներից մեկը պատրաստված միջավայրի ստեղծումն է, որը բավարարում է երեխայի բնական հետաքրքրասիրությունը և սովորելու ցանկությունը: Նրա տեխնիկան հիմնված է հատուկ պատրաստված միջավայրում ընտրության և գործողությունների ազատության ապահովման վրա: Նա մշակել է հատուկ փայտե պարագաներ, որոնք զարգացնում են մանր մոտորիկան, սենսորիկան, ինչն էլ խթանում է հատուկ հմտությունների զարգացումը որոշակի զգայուն ժամանակահատվածներում: Հատուկ պատրաստված միջավայրում ստեղծել է 5 հիմական գոտիներ` 1. Պրակտիկ գոտի 2. Սենսորային գոտի 3. Մաթեմատիկական գոտի 4. Լեզվի գոտի 5. Տիեզերական գոտի (աշխարհագրություն և բոտանիկա) Յուրաքանչյուր գոտում տեղադրված են համապատասխան պարագաները և երեխան ինքն է ընտրում, թե որ գոտում և որ պարագայով է ուզում աշխատել:

Տարբեր տարիքային խմբեր

Մոնտեսսորիի դասասենյակները հաճախ բաղկացած են խառը տարիքային խմբերից, ինչը թույլ է տալիս երեխաներին սովորել և շփվել տարբեր տարիքի և հմտությունների երեխաների հետ: Այս կարգավորումը նպաստում է համագործակցությանը և փոխադարձ ուսուցմանը: Ըստ մոնտեսսորի մեթոդի 3-6 տարեկան երեխաները միասին են մեկ խմբում: Մարիա Մոնտեսսորին կարծում էր, որ նրանք ունեն տարիքային ընդհանուր խնդիր՝ ինքնակրթվել ` անկախ գործունեության, ինքնազարգացման և ինքնուսուցման փորձ ձեռք բերելու միջոցով: Այս կերպ երեխաները հեշտությամբ իրականացնում են իրենց տարիքային հիմնական նպատակները` ֆունկցիոնալ անկախության, ինքնուրույնության և կարողանում են կառուցողական երկխոսութուն հաստատել ոչ միայն իրենց հասակակիցների հետ: 3-6տ խմբերում միշտ տեղի է ունենում գիտելիքների փոխանցում մեծերից փոքրերին, քանի որ երեխաների ճանաչողության հիմնական ձևը հայելային նեյրոնների միջոցով է, այսինքն՝ նրանք հաճախ ամեն ինչ անում են նույնությամբ: Փոքրերը հետևում են իրենց մեծերին, սովորում նրանցից, ընդունում կանոններ և նույնիսկ որդեգրում են տարբեր վեճերի ու կոնֆլիկտների լուծման ուղիներ։ Փոքրերը ավելի լավ են հաղթահարում առաջադրանքները, երբ տեսնում են մեծերի փորձը: Ընդ որում, մեծերը ձեռք են բերում որոշակի նշանակություն, կարգավիճակ՝ պայմանավորված նրանով, որ կարող են փոքրերին բացատրել, ինչ-որ բան սովորեցնել։

Զարգացման ժամանակաշրջաններ

Մոնտեսսորի մեթոդաբանությունը չի սահմանափակվում որոշակի տարիքային շրջանով, այլ ներկայացնում է մարդու զարգացման ամբողջական փուլ՝ ծնունդից մինչև ծերություն՝ մեկ փիլիսոփայությամբ և կրթության մի փուլից մյուսը հետևողական անցումով: Մոնտեսորի մեթոդաբանության հիմնական/կենտրոնական գաղափարը ընկած է զարգացման զգայուն ժամանակաշրջանների վրա: Այդ ժամանակահատվածները ներկայացնում են ժամանակի պատուհաններ, երբ երեխաները ավելի արագ են տիրապետում որոշակի հմտությունների կամ գործունեության: Մարիա Մոնտեսորին բուսաբանությունից փոխառել է «զգայուն» տերմինը, որը նկարագրում է օրգանիզմների զարգացման փուլերը: Ծնվելուց մինչև վեց տարեկան երեխաները ունենում են վեց հիմնական զգայուն շրջաններ, որոնց ընթացքում նրանք լավագույնս սովորում են որոշակի հմտություններ, քանի որ կարողանում են ավելի երկար ժամանակ կենտրոնանալ դրանց վրա. • Կարգուկանոն (0 - 3). ամենափոքրերը, ըստ Մոնտեսորիի, ավելի հեշտ են տիրապետում իրենց միջավայրում կարգուկանոն: • Զգայական զարգացում (0-5.6). Երեխաների համար կարևոր է ակտիվորեն ուսումնասիրել աշխարհը զգայարանների միջոցով՝ հպում, համ, հոտ, լսողություն և տեսողություն: • Խոսքի զարգացում (0 -6տ՝ խոսքի, 5-6տ՝ գրելու համար): Երեխաներն այս ժամանակահատվածում ավելի հակված են սովորելու լեզուներ՝ ինչպես մայրենի, այնպես էլ օտար, նաև տիրապետում են մայրենի լեզվով մտքեր փոխանցելու հմտություններին: • Գործողությունների և շարժումների յուրացում (1-4տ). Երեխաները ձգտում են վերահսկել իրենց մարմինը և զարգացնել շարժողական հմտությունները: • Նուրբ շարժողական հմտություններ (1.6 - 4 տ). այս ընթացքում մոնտեսսորի համակարգում երեխան ակտիվորեն զարգացնում է ձեռքի մանր մոտորիկան: • Սոցիալական հմտություններ (2.6 - 6տ). երեխաները այդ փուլում ակտիվորեն զարգացնում են ուրիշների հետ շփվելու և սոցիալականացման հմտությունները: